Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը: Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը Ջերբայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար: Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ: Հետաքրքրական է համարվել զբոսաշրջության, ավիահաղորդակցության, ինչպես նաև տնտեսության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել ակտիվ շփումները: Հայաստանի և Մոնտենեգրոյի վարչապետները նաև ընդգծել են` երկու երկրների և ժողովուրդների միջև առկա են հարուստ մշակութային կապեր, որոնք պետք է խորացնել և ամրապնդել: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:
Վարչապետը Ջերբայում հանդիպում է ունեցել նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը: Ջասթին Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
Վարչապետը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը: Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ: