Արմինֆո. Նախօրեին ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ մի շարք սենատորներ խիստ քննադատության են ենթարկել Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչներին՝ Կովկասում ԱՄՆ քաղաքականության առնչությամբ:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար, սենատոր Ռոբերտ Մենեդեսը, դիմելով վարչակազմի անդամներին, ասել է. "Դուք պետք է ընդունեք, որ կա ագրեսոր՝ ի դեմս Ադրբեջանի։ Միթե՞ մենք, կարծես, ի վիճակի չենք դա անել": Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ոչինչ չի արել Ադրբեջանի կողմից (44 - օրյա պատերազմի ժամանակ-խմբ.) կասետային զինամթերքի եւ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին տեսանյութերն ու ապացույցները ստուգելու համար, որոնք անօրինական միջոցներ են: "Մենք ոչինչ չենք արել հայ զինվորների մահապատժի տեսագրությունն ու կանանց նկատմամբ բռնությունները ստուգելու համար։ Մենք ոչինչ չենք արել", - վրդովվել է սենատորը։ "Ես տեսել եմ մի քանի տեսանյութ (գերեվարված հայ զինվորների գնդակահարությունը - խմբ.), իմ փոստարկղը լցված է դրանցով", - ասել է նա ՝ խստորեն արձագանքելով այն հանգամանքին, որ ԱՄՆ վարչակազմը, ինչպես լսումների ժամանակ հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, նույնիսկ ջանքեր չի գործադրել այդ սարսափելի տեսանկարահանումների իսկությունը ստուգելու համար:
Մենենդեսի համոզմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչինչ չի արել Ադրբեջանի կողմից չարաշահումների հետաքննության համար. "Պետդեպարտամենտն, ընդհանրապես, ոչինչ չունի հաղորդելու Արցախին ԱՄՆ օգնության մասին": Դա, ըստ նրա, "միանգամայն անընդունելի է"։ Սենատորը նշել է, որ ինքը ուղիներ կգտնի ԱՄՆ պետքարտուղարին իր դժգոհությունը հայտնելու համար։ Այդ առումով սենատորը հարց է տվել, թե, այդ դեպքում, ինչպես կարող է ԱՄՆ-ն արդարացնել Բաքվի ռեժիմին որեւէ աջակցության տրամադրումը։ "Դա աններելի է: Անձամբ՝ ես, կարծում եմ, որ դա բարոյապես զզվելի է և ծաղր է Ազատության աջակցության մասին օրենքի նկատմամբ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ նույն անկողնում է", - ասել է սենատորը։ Նա իր կտրական առարկությունն է արտահայտել ադրբեջանական զինված ուժերին որևէ ռազմական օգնություն ցույց տալուն, որոնք հայտնի են մարդու իրավունքների խախտումներով ։ Ընդ որում, սենատորը, ընդգծելով տարածաշրջանի ռազմավարական բնույթը, կոչ է արել ԱՄՆ-ին լրացուցիչ օգնություն ցուցաբերել Արցախին, քանի որ այն այսօր ակնհայտորեն անբավարար է։ Նրա խոսքով ՝ Արցախի ժողովուրդն արժանի է ապրելու խաղաղության, ազատության և անվտանգության՝ էթնիկ զտումներից անվտանգության պայմաններում։
Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաեւ սենատոր Էդ Մարկին՝ այն հարցով, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հետաքննել է ադրբեջանցի զինծառայողների ագրեսիվ պահվածքն ու նրանց չարաշահումները: Այս ուղիղ հարցին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը միայն հաղորդել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը չի կարող օգտագործվել հայերի դեմ, քանի որ այն տրամադրվում է ահաբեկչության դեմ պայքարի համար: