Արմինֆո. Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Պապասը գլխավորել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված երկկուսակցական կոչը՝ սահմանափակել F-16-ի վաճառքը Թուրքիային։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, ավելի քան քսան օրենսդիրների երկկուսակցական խումբը Կոնգրեսին կոչ է անում 2023 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքի (NDAA) վերջնական տարբերակում պահպանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 1271 դրույթը, որը խելամիտ սահմանափակումներ է դնում Թուրքիային F-16 ինքնաթիռներ և արդիականացման բաղադրիչներ փոխանցելու Բայդենի վարչակազմ մտադրության վրա։
ANCA-ից հաղորդել են, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ #NoJetsForTurkey նրա կոալիցիոն գործընկերները վճռականորեն աջակցում են այդ արշավին: "Ամերիկահայերը միանում են Կոնգրեսի մեր ընկերներին, ինչպես նաև հույն, հինդու, քուրդ, հրեա, քրիստոնյա և այլ գործընկերներին՝ ընդգծելով Թուրքիային F-16-ի վաճառքի կամ փոխանցման ողջամիտ արգելքների հրատապությունը, մի երկրի, որը պարբերաբար և բացահայտորեն ամերիկյան զենք է տեղակայում ԱՄՆ դաշնակիցների դեմ: "Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Պապասին ՝ նման անխոհեմ վաճառքի ողջամիտ սահմանափակումների վերաբերյալ լայն կոնսենսուսի հասնելու հարցում նրա սկզբունքային և հզոր առաջնորդության համար", - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Պապասի նամակի համահեղինակները, իրենց հերթին, Սենատի և Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեների ղեկավարությանը փաստում են, որ 1271 բաժնի նպատակը պարզ է և նեղ: "Այն ժամանակ, երբ մենք պետք է նպաստենք ՆԱՏՕ դաշինքի միասնությանը, մենք պետք է ապահովենք, որպեսզի ամերիկյան զենքը չօգտագործվի դաշինքի ներսում ռազմատենչ գործողությունների համար", - ընդգծել են Պապասի նամակի համահեղինակները:
Հիշեցնենք նաեւ, որ ANCA-ն եւ #NoJetsForTurkey կոալիցիան հանդես են եկել Ներկայացուցիչների պալատի կողմից 1271 բաժնի ընդունման օգտին՝ հուլիսին այդ միջոցառման քննարկման ժամանակ: Այս միջոցառումն ընդունվել է երկկուսակցական քվեարկությամբ 244 կողմ, 179 դեմ ձայներով։ Բացի ANCA-ից, Թուրքիային F-16 - ի վաճառքի դեմ պաշտոնապես հանդես են եկել ԱՄՆ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Քրդստանի ամերիկացի բարեկամները, Ամերիկյան հրեական կոմիտեն, Հունա-ամերիկյան առաջնորդների խորհուրդը, Ի պաշտպանություն քրիստոնյաների, Մերձավորարևելյան ֆորումը և PSEKA-ն ՝ "Արդարություն Կիպրոսի համար" միջազգային համակարգող կոմիտեն: