Արմինֆո.Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Դեսպանին դժգոհություն է հայտնվել իրանական լրատվամիջոցներում ծավալված հակաադրբեջանական արշավի կապակցությամբ։ Նշվել է, որ Ադրբեջանի նսեմացմանն ուղղված արշավը, Իրանի բարձրաստիճան զինվորականների եւ քաղաքական գործիչների սպառնալի հռետորաբանությունը չեն համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն:
Եվս մեկ անգամ նշվել Է Իրանում սահմանադրական կարգի հիմքերի դեմ հանցագործություններ կատարած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների բնակության համար պայմաններ ստեղծելու անընդունելիությունը, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ընդգծվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող այդ անձանց Բաքվին հանձնելու անհրաժեշտությունը։
Նաեւ նշվել է, որ Իրանի դեսպանատներում այն անձանց ընդունելությունը, որոնք Ադրբեջանի Հանրապետությունում անջատողականություն են հրահրում և թաքնվում են այլ երկրներում, խուսափելով քրեական հետապնդումից, ոչ բարեկամական քայլ է։
Ընդգծվել է Իրանում Ադրբեջանի դեմ տեղեկատվություն տարածելու և գործունեություն իրականացնելու անթույլատրելիությունը և դրանց շուտափույթ դադարեցման ակնկալիք է արտահայտվել։
Մեկ օր առաջ Թեհրանում Իրանի ԱԳՆ էր կանչվել Ադրբեջանի դեսպանը, որին դժգություն էր ներկայացվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումների վերաբերյալ։