Արմինֆո. Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը։
Ինչպես հաղորդում է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր տարածքում հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել են նրա սահմանները և միջազգային իրավունքը։
Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ, բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա բազմակի հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում, ինչն անընդունելի է։
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա բոլոր անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում Հայաստանի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով վերականգնել արդար և հաստատուն խաղաղությունը:
Ի նշան Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության, ֆինանսական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի Հայաստանի դրոշը։