Արմինֆո.Օկուպացված Շուշիում Ալիևի ելույթը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժի կիրառման խոստովանություններով ու սպառնալիքներով։ Այսպես է արձագանքել Արցախի նախկին պետնախարար, նոր պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա սպառնալիքներին, որոնք հնչեցվել էին օկուպացված Շուշիում։
"Ալիևյան ռեժիմը շարունակում է հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ ցեղասպանության և ատելության քաղաքականությունը։ Այդ քաղաքականությունը պետք է դադարեցվի, իսկ նոր հանցագործությունները պետք է կանխվեն միջազգային իրավունքի եւ պարտավորությունների շրջանակներում", - նշել է Բեգլարյանը։
Նշենք, որ նախօրեին Ալիևը հերթական անգամ պարծեցել է ոչ միայն 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ագրեսիայով, այլև Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայով և ՀՀ մի շարք տարածքների, այդ թվում ՝ ռազմավարական բարձունքների օկուպացմամբ։ Ավելին, նա սպառնացել է Իրանին, ինչպես նաև Հայաստանին աջակցող երկրներին, վստահեցնելով, որ ոչ մեկից չի վախենում և անհրաժեշտության դեպքում կդիմի նոր ագրեսիայի ։