Արմինֆո. Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետը հարգում են, միաժամանակ ակնարկում, որ այդ ժամկետի ավարտից հետո չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ մանդատի երկարաձգման առումով։ Նման կարծիք է հայտնել ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սրան զուգահեռ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչում Հայաստանն Արցախին կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի անվտանգության վերաբերյալ՝ ՌԴ-ին ուղիղ մեղադրելով հումանիտար բեռի անվան տակ Արցախին զենք/զինամթերք/սպառազինություն մատակարարելու մեջ։ Սրանով ինչ որ փուլի համար հիմք է նախապատրաստվում կամ ճանապարհը փակելու համ ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղակայելու համար։
Եվ շարքի երրորդ խնդիրը. Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանն Արցախին կապող և Ադրբեջանից ՀՀ տարածքով դեպի Նախիջևան գնացող երթուղին պետք է ունենան նույն կարգավիճակը։
Այսինքն՝ եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, ապա Արցախը Հայաստանին կապող ուղին ունենալու է զուտ ճանապարհի կարգավիճակ՝ Ադրբեջանին ուղիղ վերահսկման տակ։
Իրար փոխկապակցված սպառնալիքների շղթա, որն Ադրբեջանն առանց խոչընդոտի առաջ է մղում և որի հակազդման ուղղությամբ ՀՀ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում՝ սրանով նոր վտանգ ստեղծում մարդկային ու տարածքային կորուստների համար», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։