Արմինֆո.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ընդունել է "Պայքար նացիզմի, նեոնացիզմի եւ պրակտիկայի այլ տեսակների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի սրմանը" ռուսական բանաձեւի նախագիծը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փաստաթղթի օգտին քվեարկել է 105 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։ Դեմ հանդես է եկել 52 երկիր, 15-ը ձեռնպահ են մնացել ։
Փաստաթղթի համահեղինակներից են Ադրբեջանը, Բելառուսը, Վենեսուելան, Վիետնամը, Կամբոջան, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, Սիրիան, Սուդանը, ԿԱՀ-ն, Հասարակածային Գվինեան եւ ՀԱՀ-ն:
Բանաձևը երկրներին խորհուրդ է տալիս համապատասխան կոնկրետ միջոցներ ձեռնարկել, "այդ թվում՝ օրենսդրության բնագավառում և կրթության ոլորտում", որպեսզի կանխեն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության և արդյունքների վերանայումը և "մարդկության դեմ հանցագործությունների և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների ժխտումը":
Ուշագրավ է, որ բանաձեւի համահեղինակն Ադրբեջանն է, որտեղ բացահայտ հերոսացնում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ֆաշիզմի մոլի աջակիցներին, ինչպիսիք են Աբդուրահման Ֆատալիբեյլի-Դուդանգինսկին (Ֆատալիբեյ) եւ Մամեդ Էմին Ռասուլզադեն: