


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փետրվարի
23-ին ԱԺ նիստում ՀԱԿ անունից առաջրակել է բարձրացնել երկրի վերջին ներքաղաքական
իրադարձությունների վերաբերյալ հարցը:
«Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ Դուք, որպես
կառավարող կուսակցության անդամ և ԱԺ ղեկավար, աջակցել եք նախագահ Սերժ Սարգսյանին
և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ՀՀԿ որոշմանը: Ձեզ դիտարկելով որպես ԱԺ
ղեկավար` մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի խորհրդարանը պետք է
անհապաղ քննարկման դնի Ծառուկյանի և ԲՀԿ նկատմամբ ահաբեկչական
գործողություններին Սերժ Սարգսյանի
անձնական մասնակցության հարցը», - խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանին է դիմել
ՀԱԿ ղեկավարը:
Զուրաբյանն ընդսմին ընդգծել է, որ պետք է քննարկվի նաև
Սարգսյանի կողմից քաղաքական ազատությունների դեմ հակասահմանադրական հարձակումների
և ԲՀԿ անդամների նկատմամբ հետագա ճնշումների հարցը:
Խորհրդարանականին ընդհատել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ
Շարմազանովը, հայտարարելով, թե Զուրաբյանը
հարցի էությունը չի հնչեցնում, իսկ սեփական հետևությունները կարող էր
հնչեցնել ելույթի համար իրեն հատկացված ժամանակի ընթացքում:
ՀԱԿ
խմբակցության ղեկավարն իր հերթին նշել է, թե Շարմազանովի պատասխանից հետևում է, որ
կառավարող մեծամասնությունը մտադիր չէ պատշաճ արձագանքել կատարված
հանցագործությանը, և միակ համարժեք պատասխանը կլինի ժողովրդի մասնակցությունը
մարտի 1-ի հանրահավաքին:


