Արմինֆո.Ի տարբերություն Ուկրաինայի՝ Հայաստանը միայնակ է սպառնալիքներին դեմ հանդիման։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, "Ֆրանսիա - Արցախ" բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն՝ ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի եթերում։
"Կա Ադրբեջանի կոռումպացված եւ ռասիստական պետություն, որը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա ՝ ձգտելով էթնիկ զտումների եւ ցեղասպանության շարունակման ", - հայտարարել է ֆրանսիացի խորհրդարանականը: Ընդ որում, նա արձանագրել է, որ Եվրոպան ճիշտ է մոբիլիզացվել ի պաշտպանություն Ուկրաինայի, բայց լռում է Հայաստանի մասին։ "Մենք արդարացիորեն մոբիլիզացվել ենք Ուկրաինայի համար, բայց լռում ենք Հայաստանի մասին։ Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների կյանքը",- հարց է տվել նա:
Միաժամանակ, Բուայեն համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես, երբ նախագահում էր Եվրամիությունում։ "Դիտորդներ ուղարկելը նվազագույն ծառայություն է, քանի որ մենք գիտենք, թե ինչ է կատարվում։ Կիպրոսում կամ Հունաստանում նույնպես մենք աչք ենք փակում թուրքական բազմակի ներխուժումների վրա", - ընդգծել է Բուայեն։
Միաժամանակ, ֆրանսիացի խորհրդարանականը ամոթալի է համարել Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ։ "Էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացում լինել, հատկապես, երբ մենք բախվում ենք իրական ռազմական հանցագործությունների", - համոզված է պատգամավորը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի թշնամիները բացահայտ ասում են, որ ցանկանում են ոչնչացնել հայերին։ "Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ընդունել այդ առաջնորդներին, եւ Եվրոպան Ադրբեջանից գազ է գնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որը հայտարարում է, թե Ալիեւը հուսալի գործընկեր է", - ամփոփել է նա: