Արմինֆո.Պրահայում և Սոչիում կայացած բանակցություններն արձանագրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա։ Դրանով իսկ արձանագրվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի փաստը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 2-ին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։
"Միջազգային հարթակներում մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի սահման, և որ այդ փաստն ամրագրված է 1991թ. Ալմաթիում ընդունված հռչակագրում և հարակից փաստաթղթերով։ Հակառակ դեպքում, եթե սահման չկա, ապա չկա նաև Ադրբեջանի ագրեսիայի փաստ", - ընդգծել է Փաշինյանը։
Ինչպես նշել է վարչապետը, ԵՄ դիտարկման առաքելության այցը Հայաստան հնարավոր է դարձել հենց ՀՀ-ի և ԱՀ-ի միջև սահմանի ֆիքսման շնորհիվ։