


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ փակված չէ: Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներին այդպես է արձագանքել գործարար Ռուբեն Վարդանյանը, ով նոյեմբերի սկզբին կզբաղեցնի Արցախի պետնախարարի պաշտոնը։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ փակված չէ, և ռուս խաղաղապահները կշարունակեն խաղաղություն ապահովել՝ կողմերին հետ պահելով ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, մինչև քաղաքական լուծում չգտնվի: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներգրավված են բանակցություններում՝ միջազգային միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար»։ Նման պարբերությունը խիստ պակասում է Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության մեջ։ Սրան մենք պետք է ձգտենք հասնել։ Իսկ առայժմ այն, ինչ առկա է փաստաթղթում, ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Արցախի ու Արցախի ժողովրդի համար», - գրել է գործարարը «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի հանդիպումը, որի արդյունքների վերաբերյալ նրանք հանդես են եկել հայտարարությամբ, պատրաստակամություն հայտնելով շարունակել բանակցությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։ Պայմանավորվել են նաև պահպանել հրադադարի ռեժիմը։ Հավելենք, որ հայտարարությունում որևէ կերպ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի մասին։ Անգամ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրն ուղղակիորեն նշված չէ, այլ միայն ենթադրվում է քողարկված։



