Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները:
Նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի և դրա սկզբունքների մասին խոսելու խնդրանքին, հաշվի առնելով, որ Ադրբեջանը փորձում է առաջ մղել միջանցքային տրամաբանությունը, դեսպան Կոպիրկինը հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս իր հստակ դիրքորոշումն է հայտնել այդ հարցի վերաբերյալ, այդ թվում նաև փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով, որը տարածաշրջանային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։
"Ապաշրջափակման սկզբունքները՝ դա այն երկրների ինքնիշխանության հարգումն է, որոնցով անցնում է համապատասխան հաղորդակցությունը", - ասել է նա: Դեսպանը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Դիտարկմանը, թե Ռուսաստանը հավասարության նշաններ է դնում այն պայմաններում, երբ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, դեսպանը նշել է, որ ՌԴ-ն պահպանում է իր ռազմական ներկայությունը ՀՀ տարածքում: "Եվ դա իսկապես այստեղ անվտանգության պահպանման և հետագա էսկալացիայի կանխարգելման առանցքային գործոնն է։ Բացի այդ, եկեք չմոռանանք այն գործնական դերը գետնի վրա, որը խաղում են մեր խաղաղապահները, մեր զինվորականները, որոնք շփման մեջ են բոլոր կողմերի հետ, և հենց որոնց ջանքերն են, առաջին հերթին, նպաստում, որ տեղի ունեցող այս էսկալացիան չի զարգանում", - ասել է Կոպիրկինը՝ նշելով ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության դերը սեպտեմբերի 13-14-ը ռազմական գործողությունների դադարեցման գործում։