Արմինֆո.Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները երկարաձգելու համար անհրաժեշտ են համատեղ պայմանավորվածություններ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նախօրեին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ամփոփիչ ճեպազրույցում։
"Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա դա ամրագրված է մեր 2020 թվականի նոյեմբերի համատեղ հայտարարության մեջ, երբ հակամարտությունը դադարեցվեց։ Այստեղ ավելացնելու բան չկա", - հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը, հավելելով, որ դա կախված կլինի այլ հարցերից. խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից եւ սահմանների սահմանազատումից ու սահմանագծումից։ Եթե այդ հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցը այլ կերպ կդրվի։ Եթե որոշ ծավալով են լուծված կամ լուծված չեն, ապա դրանից է կախված նաև մեր խաղաղապահ զորախմբի ճակատագիրը։ Բայց, ամեն դեպքում, թե մեկ, թե մյուս կողմերը երախտագիտության խոսքեր են ասել Ռուսաստանին այն աշխատանքի համար, որը մենք անցկացնում ենք այնտեղ", - ասել է Պուտինը։
Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մասին հարցին՝ նա նշել է, որ այդ պայմանագիրը դեռ չկա։ «Այստեղ դեռ վաղաժամ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ դա փոխզիջումների առարկա է, անշուշտ, որոնք պետք է ձեռք բերվեն երկու կողմից՝ միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերն էլ ցանկանան, այդ թվում՝ նաև մեր երկրի։ Սահմանի սահմանազատումը, սահմանագծումը ամենակարևոր հարցն է։ Մենք այսօր, իրոք, շատ ենք խոսել այդ մասին։ Կան որոշ նախադրյալներ այն բանի, որ, ընդհանուր առմամբ, ճանապարհը գտնվել է: Եթե ուշադիր կարդաք նաև այսօրվա հայտարարությունը, ապա այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, նախնական, եթե՝ ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։ Կրկնում եմ, այդ մասին շատ ենք խոսել. մենք պատրաստ ենք տրամադրել դեռեւս խորհրդային բանակի գլխավոր շտաբի՝ մեր տրամադրության տակ եղած քարտեզները։ Սրանք ամենաճշգրիտ քարտեզներն են՝ որքան մենք հասկանում ենք: Եվ պատրաստ ենք այդ հիմքի վրա շարժվել՝ քննարկելով երկու կողմերի հետ։ Մենք պայմանավորվել ենք, որ այդ շփումները, այդ բանակցությունները, այդ խորհրդատվությունները կշարունակվեն", - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։