Արմինֆո. "Մեր ընդհանուր կարծիքով, դա շատ օգտակար հանդիպում էր։ Այն, իմ կարծիքով, շատ լավ մթնոլորտ է ստեղծել որոշ սկզբունքային հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար", - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ հանդիպումների, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ առանձնազրույցների եւ երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներին:
Ընդ որում, ՌԴ նախագահը խոստովանել է, որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված են եղել հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից։ "Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականին, որ հանդիպումն օգտակար է եղել, եւ դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար։ Ընդ որում, երբ ասում եմ «ընդհանուր առմամբ», նկատի ունեմ նաև ոչ վաղ անցյալի իրադարձությունները, և իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկու տարի առաջ։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց այն ժամանակ պայմանավորվել սկզբունքային հարցերի շուրջ, և այսօրվա քննարկումը խոսում է այն մասին, որ մենք կարող ենք պայմանավորվել նաև մեր բոլոր երկրների ապագայի մասին։ Երբ ես ասում եմ "մեր բոլոր երկրներին", նկատի ունեմ և Ռուսաստանը, և Ադրբեջանը, և Հայաստանը, և տարածաշրջանի բոլոր երկրները, որովհետև հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռված են բոլոր ժողովուրդները, որոնք բնակվում են այդ տարածքում ։ Ռուսաստանն՝ իր կողմից, կանի ամեն ինչ, որպեսզի վերջնական և համապարփակ կարգավորում ձեռք բերվի", - նշել է Ռուսաստանի նախագահը։
Վերջում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, որ համաձայնել են գալ Ռուսաստան, Սոչի և անցկացնել այդ քննարկումը։ "Ինչպես եւ պայմանավորվել էինք, մենք կշարունակենք այդ երկխոսությունը եւ կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այսքան երկար տեւող այս հակամարտությունում վերջ դնելու համար", - ամփոփել Է Պուտինը: