Արմինֆո.Երկար ժամանակ շահարկումներ են ընթանում տրանսպորտային միջանցք, էքստերիտորիալ տերմինների վերաբերյալ, չնայած դրանք կապված չեն միմյանց հետ և, նույնիսկ, հոմանիշներ չեն: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ
Շահին Մուստաֆաեւը՝ անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին։
Նա հիշեցրել է, որ տրանսպորտային միջանցքը տրանսպորտային երթուղի է, որն անցնում է մի քանի երկրների տարածքով, որոնք վարում են համաձայնեցված տրանսպորտային, մաքսային եւ այլ քաղաքականություն, որպեսզի նվազեցնեն տարանցման ծախսերն ու ժամանակը՝ փոխադրումների խթանման համար: "Որպես ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների եւ նմանատիպ այլ բազմակողմ եւ երկկողմ փաստաթղթերի համաձայնեցված զարգացման մասին համաձայնագրի մասնակից՝ Հայաստանում տրանսպորտային միջանցքի նման հասկացությունը նույնպես լավ հայտնի է։ Ինչ վերաբերում է ինքնիշխանության ոտնահարմանը, ապա հիշեցնեմ, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի հայտարարության 9-րդ կետի ՝ Հայաստանի տարածքում տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Թե որքանով է այդ փաստը ոտնահարում ինքնիշխանությունը, հարց է Հայաստանի կառավարությանը", - նշել է Մուստաֆաեւը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշմանը՝ Մուստաֆաևը վստահեցրել է, որ այդ կետերից եկող ճանապարհները ռելիեֆով և կլիմայական պայմաններով տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության և առավել ևս միջազգային տարանցիկ փոխադրումների համար, ինչը ապաշրջափակման նպատակներից մեկն է: "Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ, հայելային։ Իսկ Ադրբեջանի հետ այդ առումով որևէ համաձայնություն չի եղել", - խոստովանել է ադրբեջանցի պաշտոնյան ։