Արմինֆո.Զորքերի դուրս բերումը պահանջ չէ, դա անհրաժեշտություն է՝ անկախ բանակցային գործընթացի արդյունքից։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
"Այն, ինչ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, քննարկման առարկա չէ։ Մենք երբեք չենք հանդուրժի որեւէ ուրիշի զինվորի ներկայությունը մեր ինքնիշխան տարածքում։ Նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից։ Հակառակ դեպքում դա կպահպանի հակամարտության լարվածությունը սահմանին, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի", - ասել է նա։
"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, իր հերթին, հավելել է, որ ցանկացած բանակցություններում, հատկապես, երբ իրավիճակը լարված է, ցանկացած նախապայման կարող է հանգեցնել գործընթացների սառեցման կամ դադարեցման, ինչը չափազանց վտանգավոր է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, այլև ողջ տարածաշրջանի համար: Նա նշել է, որ բոլոր հնարավոր հարթակներում ոչ միայն հայկական կողմը, այլեւ միջազգային գործընկերները շատ կոնկրետ եւ հասցեական են արտահայտում Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերման պահանջը: "Եվ մենք հույս ունենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր զորքերը դուրս կբերի ելման դիրքեր",- նշել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանամետ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանականների խորհրդակցության ժամանակ հաղորդել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 127 քառ. կմ։