


Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ՙՍրտիս պարտքը՚ վերջին հոդվածը Հայաստանի հանրապետական կուսակցությունից քչերին է հետքրքրում, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀԿ-ից պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
ՙՏեր-Պետրոսյանը հանդես է գալիս ինչ-որ հայտարարություններով, տեղի է ունենում հարաբերությունների պարզում ՀԱԿ և ՙԲարգավաճ Հայաստանի՚ միջև, և մեզ դա քիչ է հետաքրքրում: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն ավելի շատ պետք է հետաքրքրվի, թե այդ ով է ներթափանցել իր շարքերը և փորձում է երկպառակություն մտցնել՚,- նշել է Սահակյանը:
Նրա խոսքով, իշխանական կուսակցության առջև այժմ այլ խնդիր է դրված, այլ նպատակ`քաղաքական բոլոր առողջ ուժերի համախմբումը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին և դրա միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը:
ՙՄեկ բան կարող եմ հստակ ասել, չէի ցանկանա, որպեսզի ոչ իշխանական եռյակը հիասթափեցներ իր կողմնակիցներին, այն մի քանի հազար մեր քաղաքացիներին, ովքեր ինչ-որ հույսեր են կապել այդ ուժերի հետ: Ցավոք, եռյակի քաղաքական ուժերից յուրաքանչյուրը տարբեր դիրքորոշումներ և տեղի ունեցող գործընթացների տարբեր ընկալում ունի՚,- եզրափակել է Սահակյանը: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նշել է իր ընդդիմադիր գործունեության ընթացքում Ծառուկյանի թույլ տված սխալները: Մասնավորապես, քաղաքական գործիչը թվարկել է նախորդ տարվա ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքը չեղյալ հայտարարելը, ավելի վաղ ծրագրված բողոքի գործողությունների կասեցումը, ակտիվ քաղաքական գործողությունների փոխարինումը իմիտացիոն քայլերով: Առաջին նախագահն ընդսմին կարծում է, որ այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ ՙԹե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները՚, - հայտարարել է Տեր-Պետրոսյանը։



