
Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի`Գագիկ Ծառուկյանին ՙգովաբանող՚ ՙՍրտիս պարտքը՚ հոդվածը ՙԲարգավաճ Հայաստանի՚ անդամների սրտով չէ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ-ից պատգամավոր Վահան Բաբայանը, հոդվածում տեղ գտած մտքերը հարիր չեն մի ժամանակ նախագահական աթոռ զբաղեցրած մարդուն: ՙԻհարկե, լավ է, որ Տեր-Պետրոսյանն իր հոդվածում ՙգովաբանել՚ է Գագիկ Ծառուկյանին, մենք, անշուշտ, շատ գնահատում ենք դա, բայց, անկեղծ ասած, նա չէր էլ կարող թույլ տալ իրեն այլ բան ասել Ծառուկյանի հասցեին: Ինչ վերաբերում է նրա հայտարարություններին, որ ԲՀԿ ներսում գործում է ՙխառնակիչների մի փոքրիկ խմբակ, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի՚, ապա առաջինը`նման հայտարարությունները հարիր չեն Հայաստանի առաջին նախագահին, երկրորդ`եթե նա խոսել է ՙխառնակիչների խմբակի՚ մասին, հանուն քաղաքավարության, պետք է ասի նրանց անունները և նշի, թե ինչ ուժի կողմից է այն կառավարվում՚,- հայտարարել է Բաբայանը`ընդգծելով, որ հակառակ Տեր-Պետրոսյանի կարծիքի`որևէ ՙխառնակիչների խմբակ՚ ԲՀԿ շարքերում գոյություն չունի:
ՙԻ՞նչ է նշանակում ՙխառնակիչների խմբակ՚, եթե մարդիկ դեմ են ցնցումների կամ արյունահեղության ճանապարհով նպատակների ձեռքբերմանը, նրանք խառնակիչնե՞ր են՚,- հարցնում է Բաբայանը:
Մեկնաբանելով ԲՀԿ նախագահի պաշտոնից Ծառուկյանի հեռանալու մասին լուրերը`Վահան Բաբայանը հավաստիացրել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում: ՙԳիտեք, թե ինչպիսի արտառոց իրավիճակ է հիմա, իրադարձությունները շատ արագ են զարգանում, անկեղծ ասած, որևէ ստույգ բան չեմ կարող ասել այդ առնչությամբ՚,- հայտարարել է Բաբայանը`հույս հայտնելով, որ մոտակա օրերին իրավիճակը կստականա: Ըստ որում, նա հայտնել է, որ առայժմ ԲՀԿ վարչության նիստ նախատեսված չէ: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Ծառուկյանի և նախագահ Սերժ Սարգսյանի ՙհաշտեցման՚ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդին մեծ քաղաքականությունը լքելու պահանջ է ներկայացվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ, մոտ ժամանակներս Ծառուկյանը կհայտարարի ԲՀԿ նախագահի պաշտոնից հեռանալու մասին, և այդ տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնեն կամ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կամ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Իսկ երկուշաբթի օրը կհրապարակվի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշումը, թե արդյոք Ծառուկյանը կզրկվի պատգամավորական մանդատից`բացակայութունների պատճառով: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նշել է իր ընդդիմադիր գործունեության ընթացքում Ծառուկյանի թույլ տված սխալները: Մասնավորապես, քաղաքական գործիչը թվարկել է նախորդ տարվա ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքը չեղյալ հայտարարելը, ավելի վաղ ծրագրված բողոքի գործողությունների կասեցումը, ակտիվ քաղաքական գործողությունների փոխարինումը իմիտացիոն քայլերով: Առաջին նախագահն ընդսմին կարծում է, որ այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ ՙԹե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները՚, - հայտարարել է Տեր-Պետրոսյանը։