Արմինֆո. Հայկական կողմն ստացել է հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին։
"Ես վերահաստատեցի իմ մասնակցությունը հանդիպմանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությանը, ապա ես տվյալ փուլում համապատասխան տեղեկատվություն չունեմ", - ասել է վարչապետը։ Նա հիշեցրել է, որ վերջին անգամ այդ ձևաչափով հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին։ Կառավարության ղեկավարի ասելով, նոր հանդիպումից ակնկալիքները պետք է դիտարկել նոյեմբերյան հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների համատեքստում։ «Կարելի էր վերադառնալ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքներին, բայց մի բան ակնհայտ է. չափազանց շատ հարցեր են կուտակվել, որոնց շուրջ պետք է տեղի ունենա մտքերի փոխանակում, և հնչեցվեն առաջարկություններ։ Այս հանդիպումների օրակարգը բոլորին հայտնի է ՝ սկսած Լեռնային Ղարաբաղում խաղաղության եւ անվտանգության ապահովումից եւ վերջացրած Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակով։ Այս տարվա մարտին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, և հայկական կողմի համար անհասկանալի է նրանց կողմից արձագանքի բացակայությունը։ Տարբեր մակարդակներում հնչում են նաև Բաքվից հայտարարություններ որոշակի միջանցքներ տրամադրելու մասին, որոնց անհասկանալի պատճառներով ձայնակցում են Մոսկվայում ՝ չնայած ՌԴ նախագահի ավելի վաղ արած հայտարարություններին, ստորագրված փաստաթղթերին, Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություններին և Ռուսաստանի փոխվարչապետի կողմից արված հայտարարություններին",- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նա նշել է, որ անցած տարվա նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ
և սկսել սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը։ Այն ժամանակ պաշտոնական Երևանը հայտարարել է անվտանգության մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության մասին, և միայն դրանից հետո սկսել առարկայական խոսակցություն սահմանների սահմանազատման և սահմանագծման մասին ։ Միևնույն ժամանակ, որոշ ռուս գործընկերներ պնդում էին, որ հանձնաժողովի աշխատանքը սկսելու գործընթացը ինքնին պետք է բերի անվտանգության տարրեր։ Հայկական կողմը, ընդգծել է Փաշինյանը, չի կիսել այդ տեսակետը, փորձելով, այնուամենայնիվ, ճկունություն դրսեւորել փակուղուց դուրս գալու համար։ Սակայն սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից հետո երկիրը սեպտեմբերի 13-ին բախվեց Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի։ "Ինձ զարմացնում է, որ մեր այն ռուս գործընկերները, ովքեր խոսում էին հանձնաժողովների աշխատանքի մասին ՝ որպես անվտանգության տարրի, մինչ օրս հստակ մեկնաբանություններ չեն տվել այդ ագրեսիայի վերաբերյալ", - նշել է Փաշինյանը:
Նա հույս է հայտնել, որ Սոչիում այդ բոլոր հարցերի շուրջ ակտիվ քննարկումներ կլինեն, այդ թվում ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ ձևաչափով։