Արմինֆո. Պետդեպարտամենտում արձագանքել են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի քննադատությանը՝ ուղղված հավաքական Արեւմուտքին։
Հոկտեմբերի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Զախարովայի այն հայտարարությանը գնահատական տալու խնդրանքին, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից և ինքնագովազդով է զբաղվում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը կտրականապես չի համաձայնել ռուս դիվանագետի նման գնահատականին։
"Նախ, մենք, անշուշտ, դեմ ենք, որպեսզի մեր ջանքերը որակվեն որպես ինքնագովազդ։ Ինքնագովազդային ոչինչ չկա բազմամյա հակամարտություններին և բազմամյա սրացումներին վերջ դնելու ձգտման մեջ, որոնք հանգեցրել են բռնության և, ի վերջո, ինչպես հայերի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների մահվան։ Այստեղ մեր միակ նպատակն է տեսնել և օգնել այս երկրներին միասին աշխատել համապարփակ և տևական խաղաղության հասնելու և, ի վերջո, կյանքերի փրկության համար: Չգիտեմ, թե դրանում ինչը կարելի է գնահատել որպես ինքնագովազդ", - ասել է Փրայսը։
Ինչպես ընդգծել է պետքարտուղարը, շարունակել է նա, ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին: Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով ՝ ԱՄՆ-ը երկու ղեկավարներին կոչ է արել հանդիպել իրենց համար հարմար ցանկացած ձեւաչափով։ "Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հավաքեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, վերջին բռնությունների բռնկումից հետո առաջին անգամ նրանք հայտնվեցին նույն սենյակում։ Վերջին հաշվով, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն, թե արդյոք նախագահ Պուտինի հրավերը օգտակար կլինի իրենց համար՝ այդ կայում խաղաղության ձգտման առումով։ 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակվող դաժան ներխուժումը Ուկրաինա վկայում է այն մասին, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և հազիվ թե հուսալի երկարաժամկետ գործընկեր լինի։ Բայց, ի վերջո, դա կլինի որոշում, որին պետք է հանգեն Հայաստանն ու Ադրբեջանը", - նշել է Փրայսը։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ, ի վերջո, ավելի մեծ աջակցություն չկա, քան Միացյալ Նահանգների կողմից՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության եւ անկախության հարցում։ "1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անկախության վերականգնումը Խորհրդային Միությունից նշանակալի իրադարձություն էր, որը երաշխավորում էր այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերը հետապնդելու իրավունք՝ անկախ Մոսկվայից կամ ցանկացած այլ երկրից", - նշել է նա: