Արմինֆո. Թուրքիան ծրագրում է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, որն օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի 44-օրյա ագրեսիայի ընթացքում։
Հյուպատոսության բացման մասին լրագրողներին հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից Անկարա վերադառնալուն պես։ Ընդ որում, Թուրքիայի առաջնորդը հաջող է համարել իր այցը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ, որտեղ նախօրեին բացվել է օդանավակայան: Էրդողանը հայտարարել է, որ Կովսականը (Զանգիլան - ազ.) ունի ռազմավարական կարևոր դիրք, իսկ կառուցված օդանավակայանը կարևոր ներդրում կունենա "ոչ միայն Ադրբեջանի, այլև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի զարգացման գործում"։ Նրա խոսքով ՝ տարածաշրջանի եւ մնացած աշխարհի միջեւ հաղորդակցության վերականգնումը, տրանսպորտային ուղիների ամրապնդումը ռազմավարական քայլեր են։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ կապերը, իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում: "Հարավային Կովկասի մեր ընդհանուր տեսլականը հիմնված է խաղաղության, կայունության եւ զարգացման վրա։ Սահմանների սահմանազատումը, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության բացումը և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլեր են, որոնք նպաստում են տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Երկար տարիներ անց տարածաշրջանում տևական խաղաղության հնարավորություն է ստեղծվել, և դրա համար ստիպված են եղել վճարել թանկ գին", - ասել է Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանը կօգտվի այդ "պատմական հնարավորությունից": Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում առաջընթացն, անկասկած, դրական ազդեցություն կունենա Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։