Արմինֆո. Խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մյուս խնդիրների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Երեւանի եւ Բաքվի միջեւ հանդիպումները շարունակական են` տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով:
Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հոկտեմբերի 20-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ադրբեջանական կողմի հետ պրահյան հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին։
Ընդ որում, նա փաստել է, որ Պրահայի հանդիպումը ամենևին էլ խաղաղության ջանքերի շրջանակներում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը չէ: «Ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի, ըստ էության, առավելապաշտական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը: Հուսով ենք, որ այս խոչընդոտը կհաղթահարվի և մեզ առաջիկայում կհաջողվի, այնուամենայնիվ, հանգել փոխադարձ ընդունելի իրավիճակների և լուծումների», - ասել է Միրզոյանը:
Ընդ որում, Հայաստանի արտգործնախարարն ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանի կողմից միայն առերեսվում ենք առավելապաշտական մոտեցումների: «Բայց նաև մի հանգամանք կա, որը կարծում եմ խաղաղություն կառուցելիս կողմերի անկեղծությունը կարող է կասկածի տակ դնել, առնվազն մեկ կողմի, դա հետևյալն է. երբ խաղաղ բանակցություններ վարելիս զուգահեռաբար շարունակաբար հնչեցվում են ուժի գործադրման սպառնալիքներ կամ իրականության մեջ, գետնի վրա, ինչպես ասում են, այդ ուժը գործադրվում է, և ագրեսիա է տեղի ունենում մի բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ: Սա կարծում եմ աշխարհում, թերևս բոլորը կհամաձայնեն, անկեղծ բանակցությունների լավագույն ձևը չի և խաղաղության լավագույն օրինակը չի, ապացույցը չի խաղաղությանը հասնելու ձգտման», - ընդգծել է Միրզոյանը:
Պատասխանելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապող միջանցքի կառուցման վերաբերյալ հարցին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Կարծում եմ, այնուամենայնիվ, հարցի ձևակերպման մեջ որոշակի սխալ կար: Անշուշտ, 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո եռակողմ հայատարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, և դրան հաջորդած ու փոխկապակցված եռակողմ հայտարարություններով ընդգծվում էր նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը: Եվ ահա այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքսում նաև ընդգծվում են այդ հայտարարություններում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար:
Անշուշտ, ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք կամ նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով. որ անցնում են, այդ թվում և Ձեր նշած ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանի հիմնական մասից հասնել Նախիջևան կամ, ընդհանրապես, երրորդ երկրների քաղաքացիները և բեռներն այս ուղին օգտագործելով` անցնեն իրենց ճանապարհը: Մենք կարծում ենք, որ կարող են ավելի արդիական լուծումներ լինել այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումը և այլն: Չեմ ցանկանում այս պահին շատ մանրամասների մեջ մտնել…
Հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս մասին հետևյալն է, որ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո և գործեն մեր օրենսդրության ներքո: Ցավոք սրտի, ինչպես քիչ առաջ նշեցի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին: Կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Կրկնում եմ, և բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստրատերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող», - ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը: