Արմինֆո. Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները՝ Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:
Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։
ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին: Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։
Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00, կամ գրանցվել առցանց` https://shooting.mil.am հղումով։