


Հայաստանի
տնտեսության համար բանկերի ամենաօպտիմալ քանակը կարող է լինել 10-12 բանկ: Նման
կարծիքի է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը:
2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բանկերի
ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվը, որը պետք է կազմի 30 մլրդ.դրամ,
ներկայիս 5 մլրդ/դրամի փոխարեն, 2014 թվականի դեկտեմբերի 30-ին փոփոխություններ
կատարելով «Բանկերի գործունեության և բանկային գործունեության հիմնական տնտեսական
նորմատիվների կարգավորման մասին» Կանոնակարգ 2-ում:
Ըստ բանկիրի, ընդհանուր կապիտալի չափերի վերաբերյալ ԿԲ
նորմատիվային նոր պահանջը թույլ կտա բարձրացնել բանկային համակարգի
կայունությունը, ապահովելով դրա հետագա զարգացումը:
Ամերիաբանկի Տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն
Տիգրան Ջրբաշյանն էլ գտնում է, որ այդ նորմատիվի ներդրումով բանկերի համար նոր
հնարավորություններ կբացվեն` իրենց կարգավիճակի բարձրացման և գործունեության
արդյունավետության ապահովման առումով: 2015 և 2016 թվականները կլինեն շուկայի
կոնսոլիդացման տարիներ, երբ բանկերը մի փոքր կկրճատեն ֆինանսավորումը,
կենտրոնանալով առողջացման և նախապատրաստությունների վրա»,-նշել է Տ.Ջրբաշյանը,
հավելելով, որ առաջիկա երկու տարիներին Հայաստանի բանկային համակարգում պետք է
սպասել միաձուլումների, գնումների ու նոր խաղացողների հայտնվելուն:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, երկրի բանկային
համակարգի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 488.7
մլրդ.դրամ (ավելի քան 1 մլրդ.դոլար, տարեկան աճը` 4.2%, եռամսյակի աճը` 2.1%):
Ներկայումս Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ: -



