Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռք բերելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում:
Ըստ այդմ, ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նախատեսվում է ապահովել մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումներ և բարելավել դրա հետագա գործունեությունը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը:
Հիմնավորման համաձայն՝ թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։ Արտակարգ և վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, թունելի օդափոխության համակարգի նշանակությունը վճռորոշ է ուղևորների տարհանման համար։ Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թ. և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։ СП-6 սլաքային փոխադրիչները տեխնիկական նորմատիվների համաձայն՝ ենթակա են վերանորոգման 5 տարի պարբերականությամբ։ Վերջին վերանորոգումը կատարվել է 2013թ., խախտվել է սլաքային փոխադրիչների հիմնանորոգման պարբերականությունը։
Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ոլորտի ռազմավարական նպատակը Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումն է: «Ուզում եմ հիշեցնել, որ մրցույթ ենք հայտարարել, և Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարան կառուցելու գործընթացը գնում է։ Նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Նախագծման գործընթացի առաջին փուլը ավարտում ենք և, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարել։ Պետք է արձանագրենք, որ հստակ որոշումը կայացրել ենք և պետք է գնանք այս ճանապարհով։ Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, հույս ունեմ ժամկետները չեն խախտվի, և 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ մետրոյի ուղևորահոսքերն ավելացնելու ուղղությամբ պետք է աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ: «Եվ Երևանի տրանսպորտային համակարգը կառուցենք: Մենք 650 մլն դրամ ենք հատկացնում, ամենատարբեր առիթներով հատկացնում ենք խոշոր գումարներ։ Մենք պետք է հստակ արձանագրենք՝ միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, ծախսման արդյունավետությունը սկզբունքային կարևոր հարց է»,-ասել է կառավարության ղեկավարը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծող ընկերության հետ պայմանագիրը կա, 3 փուլից է բաղկացած: «Առաջին փուլում նախատեսված էին երկրաբանական, բնապահպանական, օդերևութաբանական հետազոտություններ: Ամբողջ նախագծի արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Կարծում ենք՝ բնականոն հունով կընթանա, 2024 թվականին կանցնենք շինարարությանը»,- նշել է նախարարը: