
Արմինֆո. Կան շատ հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել ՌԴ դիրքորոշումը։ Այդ մասին հոկտեմբերի 12-ին Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
"Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին, մենք գնահատում ենք նախագահ (Վլադիմիր) Պուտինի անձնական և Ռուսաստանի ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է, խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, թեեւ այնտեղ խնդիրները լուծված չեն, այլեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մասին։ Հայաստանը, ինչպես Դուք ասացիք, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ակնկալում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նստաշրջանում, "եւ այնտեղ որոշ երկրներ, որոնց հետ չկա բարեկամության եւ ռազմավարական գործընկերության երկարատեւ պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ եւ հստակ են արտացոլում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Իրադարձություններն ինտենսիվ զարգանում են, բանակցություններն ընթանում են ինտենսիվ ռեժիմով։ Կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը, մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը եւ առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ եռակողմ պայմանավորվածությունների ոգով, մենք դրան պատրաստ ենք", - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Իր հերթին՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման գործում և քննարկել, թե ինչ պետք է անել դրանց շուտափույթ իրագործման համար: "Մենք, անշուշտ, այսօր ցանկանում ենք քննարկել, թե ինչպես են ընթանում Ադրբեջանի հետ ձեր բանակցությունները։ Ես գիտեմ, որ եղել են շփումներ Եվրոպայում՝ վերջերս, ԶԼՄ-ները լի են տարբեր ասեկոսեներով եւ ենթադրություններով: Իհարկե, կարեւոր կլիներ այսօր դիտարկել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երեք եռակողմ հայտարարությունները կյանքի կոչվեն ավելի արագ", - ասել է Լավրովը:
Նա նշել է, որ կարգավորման համար շատ բան արդեն արվել է, այդ թվում ՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում, կան սահմանների սահմանազատման "նախանշաններ" ։ "Մեր մերձավոր հարեւանների եւ ընկերների միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորումը լիովին համապատասխանում է մեր շահերին, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այդ գործընթացում", - հավելել է ռուս նախարարը: