


Ոչ իշխանական եռյակին հրապարակ տրամադրելու հարցում Երևանի քաղաքապետարանի մերժումը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները վախենում են գործընթացներից, որոնք կարող են հետևելա ակցիային, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Փորձագետը գտնում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը վախենում է միևնույն հրապարակում եռյակի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ), Լևոն Տեր-Պետրոսյանի (ՀԱԿ) և Րաֆֆի Հովհաննիսյանի (ՙԺառանգություն՚) համախմբումից:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չի ընդունել ոչ իշխանական եռյակի`փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին իրազեկումը, քանի որ քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում ՙՀավաքների ազատության մասին՚ ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների պահանջներին եւ չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին: Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ ՙՀավաքների ազատության մասին՚ ՀՀ օրենքի հիշատակված դրույթի եւ գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետեւում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:
Նշենք, որ ոչ իշխանական եռյակը որոշել է փետրվարի 20-ին շտապ հանրահավաք անցկացնել այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը կառավարող կուսակցության քաղխորհրդի նիստում սուր քննադատության ենթարկեց Ծառուկյանին նրա ՙկեղծքաղաքական՚ գործունեության համար: Սարգսյանը հենց նույն օրը Ծառուկյանին հանեց ԱԱԽ կազմից: Եռյակն այսօր նոր իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան:



