Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է Գլխավոր դատախազզության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, ՌԴ ԱԴԾ-ը պարզել է Ղրիմի կամրջի պայթեցման կազմակերպիչների անունները: Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ԱԴԾ-ը ձերբակալել է ահաբեկչության նախապատրաստման ութ մասնակիցների։ "Անվտանգության դաշնային ծառայությունը քննչական կոմիտեի հետ համատեղ պարզել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչն են եղել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ եւ գործակալություննեը", - ասված է ԱԴԾ հաղորդագրության մեջ: ԱԴԾ - ում հավելել են, որ այս պահին քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի եւ Հայաստանի երեք քաղաքացիներ (1985թ.ծնված Տերչանյան Արթուր), որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը: