


Արմինֆո. Հայաստանի ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիների խոշտանգման վերաբրեյալ նոր տեսանյութը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նախօրեին համացանցում ադրբեջանցի օգտատերերը տարածել են վիրավոր հայ զինծառայողների խոշտանգման կադրերով տեսանյութ, որը, ամենայն հավանականությամբ, նկարահանվել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ:
Ամերիկացի լրագրող Լինդսեյ Սնելը, արձագանքելով այդ տեսանյութին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. "Հայ ռազմագերիներին խոշտանգող ադրբեջանցի զինվորների եւս մեկ սարսափելի տեսանյութ, որպեսզի՝ ԵՄ քաղաքական գործիչները Twitter-ում իրենց խորը մտահոգությունն արտահայտեն Ադրբեջանում գազի արդյունահանման կապակցությամբ ՝ Ալիեւի հետ հանդիպումների ֆոնին": Ընդ որում, նա նշել է, որ խոշտանգողներից մեկը թուրքական շեշտադրում ունի։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Telegram-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինվորներին: Միջադեպը, ինչպես պարզել են իրավապաշտպանները, տեղի է ունեցել Իշխանասարի դիրքերի ուղղությամբ՝ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում ։ Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թշնամական ուժերը խոշտանգում, անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ փաստի առթիվ քրեական գործ են հարուցել, իսկ հետո հավաստիացրել են, որ տեսանյութը կեղծ է: Այլ բան չէր էլ սպասվում ադրբեջանական կողմից։



