Արմինֆո. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով։ Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուչիչի՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ուղղված նամակում։
"Ես շնորհակալ եմ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մեր հանդիպման համար, որի ընթացքում մենք կարողացանք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր ։
Ինչպես արդեն նշվել է 2022թ. սեպտեմբերի 13-ի իմ հայտարարության մեջ, ինչպես նաեւ մեր հանդիպման ընթացքում, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Ձեր երկրի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության միջեւ վերջին ուղղակի շփումները խոստումնալից էին եւ պետք է շարունակվեն", - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օգնություն ցուցաբերել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորման հասնելուն: "Մենք շարունակում ենք կոչ անել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ ակտիվացնել ջանքերը լարվածություն առաջացնող բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծման համար, այդ թվում ՝ ձեր նամակում բարձրացված", - նշել Է Մարիա Պեյչինովիչ-Բուչիչը:
Հաշվի առնելով վերջին շրջանում ստացված տագնապալի և ցնցող հաղորդագրությունները, շարունակել է նա, իմ պարտքն եմ համարում ձեր նախարարությունից մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն պահանջել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրանքների վերաբերյալ: "Ես նկատի ունեմ վերջին տեսանյութերը, որոնք, իբր, ներկայացնում են ծայրահեղ բռնություն հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ արտադատական մահապատիժները։ Տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպայի խորհուրդը շատ ուշադիր հետևելու է այդ հարցին՝ համապատասխան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի, ապահովելու համար կազմակերպության ստանդարտների լիարժեք պահպանումը", - ամփոփել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Telegram-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինվորներին: Միջադեպը, ինչպես պարզել են իրավապաշտպանները, տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերը Իշխանասարի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում ։ Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թշնամական ուժերը խոշտանգում, անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ փաստի առթիվ քրեական գործ են հարուցել, իսկ հետո հավաստիացրել են, թե տեսանյութը կեղծ է: Այլ բան չէր էլ սպասվում ադրբեջանական կողմից։