Արմինֆո.Արցախի Հանրապետության հինգ համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցությունը կազմել է շուրջ 42 տոկոս: Այս մասին հաղորդել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ։ Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ այդ ընտրությունների անցկացումը ժողովրդավարությանը և ինքնորոշման իրավունքին Արցախի հավատարմության ու հետևողականության հերթական օրինակն ու ապացույցն է:
"Մենք ենք տերը մեր հայրենիքի և ճակատագրերի, և շարունակում ենք կիրառել և կատարելագործել ինքնիշխանության բոլոր գործիքները", - եզրափակել է Բեգլարյանը:
Հոկտեմբերի 9-ին Արցախի մի քանի համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ: Քվեարկությունն ավարտվել է ժամը 20: 00-ին, եւ բոլոր 5 ընտրատեղամասերը փակվել են: Քվեարկության ավարտից հետո, Մարտակերտի եւ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41,72 տոկոսը: