Կիևի կենտրոնական իշխանության թուլացմանը զուգընթաց
կբարձրանա Մոսկվայի հեղինակությունը նաև հետխորհրդային տարածքում: Դա ՌԴ-ին թույլ
կտա ակտիվորեն զսպել Լեռնային Ղարաբաղի գոտում դիմակայող կողմերին: Այդպիսի կարծիք
է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի (Մոսկվա) Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը`
առցանց հարցազրույցի շրջանակում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
«Ռուսաստանում և Արևմուտքում շատերը պնդում են, որ
Մոսկվան արդեն պարտություն է կրել Ուկրաինայի շուրջ դիմակայությունում: Կարծում
եմ, որ չարժե ցանկալին որպես իրականություն ներկայացնել: Կիևը չկարողացավ հաղթել
նույնիսկ մարտի դաշտում, դրա վկայությունն է դեբալցևյան օղակը: Սակայն հիմնական
պայքարը կծավալվի տնտեսության ոլորտում: Եվ այստեղ Ուկրաինայի ներկայիս
ղեկավարությունն անպայման տանուլ կտա», - նշել է նա: Եվսեևը ենթադրություն է
հայտնել, որ Արևմուտքի սահմանափակ օգնության պահպանման պայմաններում Ուկրաինայի
տնտեսության անկումն այնքան էլ սրընթաց չի լինի: Սակայն այդ գործընթացը կարագանա,
եթե Կիևը շարունակի առկա խնդրի ուժային լուծման փորձերը: Նրա գնահատմամբ,
Մինսկ-2-ի պայմանավորվածությունները, ինչպես նաև Մինսկ-1-ի համաձայնություններն
անիրագործելի են: Հիմնական պատճառն այն է, որ Կիևն առաջվա նման չի պատրաստվում
պայմանավորվել Դոնեցկի և Լուգանսկի հետ, ինչպես նաև դեռևս այդ խնդրի ուժային
կարգավորման հույս ունի` ԱՄՆ և նրա որոշ դաշնակիցների օգնությամբ իր բանակի
մարտունակության հերթական վերականգնումից հետո:
«Նորմանդական ձևաչափն ընդամենը այդ հակամարտության
կարգավորման օժանդակ ձև է: Նա չի կարող փոխարինել Ուկրաինայի գծով աշխատանքային
խմբի նիստին: Իսկ այնտեղ Ուկրաինայի ներկայացուցչի լիազորությունները մինչ օրս
պարզ չեն: Իսկ ընդունված հայտարարությունը, ըստ էության, պարտադրող բնույթի չէ: Դա
լավ են հասկանում թե Կիևում, թե Մոսկվայում: Ուկրաինայի ղեկավարությունը մինչ օրս
հույս ունի, թե արևմտյան պատժամիջոցների ընդլայնման սպառնալիքի տակ Ռուսաստանը
պարտադիր տեղի կտա, ինչը չի պատահի», - համոզված է Եվսեևը:
Մամուլի
ասուլիսը կազմակերպվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ`
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում: