


Արմինֆո. Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված շուրջ 25 անձանցից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում: Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ:
Նշենք, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Գագիկ Խաչատրյանը և նրա ազգական Կարեն Խաչատրյանը (ՊԵԿ նախկին աշխատակից) ձերբակալվել են օգոստոսի 27-ին ։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ - խմբ.), 179 - րդ (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնում - խմբ.), 38-179-րդ (յուրացմանը նպաստելը-խմբ.) եւ 314-րդ ( պաշտոնեական կեղծիք-խմբ.) հոդվածներով:
Իր հերթին՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում - խմբ.) և 314 (պաշտոնեական կեղծիք - խմբ.) հոդվածներով: Նրանք երկուսն էլ ձերբակալվել են, իսկ հետո ՝ կալանավորվել 2019 թվականի օգոստոսի վերջին ։ Ըստ նախնական տեղեկությունների ՝ ՊԵԿ-ում հաշվառված են եղել աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է վճարվել, սակայն իրականում աշխատանքի չեն ներկայացել ։



