Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Հայաստանի կառավարության ղեկավարը Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք է մեկնել Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո, որի շրջանակներում նախօրեին քառակողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ադրբեջանի առաջնորդը նույնպես կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում հավաքում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով: "Նախագահն աշխատելու է Սանկտ Պետերբուրգում. օրվա կեսին նախագահի մոտ նախատեսված է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում: Այն տեղի կունենա Կոնստանտինսկի պալատում", - լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, "դա շատ կարեւոր միջոցառում կլինի՝ հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում":
ԱՊՀ երկրների ղեկավարների նախորդ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 2021թ. դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում: