Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը պաշտոնապես առաջադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Այդ մասին որոշում է կայացվել ԱԺ պետակաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։
Հովակիմյանի թեկնածությանը կողմ են քվեարկել հանձնաժողովի բոլոր ներկա անդամները, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նիստին չեն մասնակցել: "Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Ազգային ժողովին քննարկել նրա թեկնածությունը լիագումար նիստում", - իր ելույթում նշել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նշենք, որ նախկին լրագրող, այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը: Նա կփոխարինի Տիգրան Մուկուչյանին, ով 11 տարի գլխավորել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։