Արմինֆո. "Վրաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովումն է։ Ելնելով այդ նպատակից՝ մեր երկիրը միշտ փորձել է միջնորդի դեր խաղալ մեր հարավային բարեկամների հետ", - հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ։
Նախարարի խոսքով ՝ այդ գործընթացը շարունակվելու է։ "Այն, որ անցյալ տարի վարչապետի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերվեցին որոշակի արդյունքներ, այդ գործընթացը շարունակվեց, մի քանի ամիս առաջ մենք Վրաստանում հյուրընկալեցինք երկու արտաքին գործերի նախարարներին (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.), դա նաև օրինակ է այն բանի, որ մենք ունենք հատուկ վստահություն մեր բարեկամների նկատմամբ։ Ապագայում մենք միշտ պատրաստ ենք, որպեսզի Վրաստանը, Թբիլիսին լինեն այն վայրը, որտեղ մեր հարավային հարեւանները կկարողանան հանգիստ եւ խաղաղ երկխոսություն վարել, որպեսզի նրանք կոնկրետ արդյունքներ ստանան այդ բանակցություններից եւ խաղաղություն եւ կայունություն հաստատեն մեր տարածաշրջանում", - ասել է վրաց նախարարը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
Ընդ որում, Դարչիաշվիլին հավելել է, որ Թբիլիսին այդ գործընթացում ոչ մի նախապայման չունի: "Միակ առաջարկը, որը մենք արել ենք մեր հարեւաններին, այն է, որ ցանկացած ժամանակ, երբ նրանք ցանկանան, մենք պատրաստ ենք ընդունել նրանց մեր երկրում եւ, անհրաժեշտության դեպքում, օգնել երկխոսության ամրապնդման եւ այդ գործընթացի խորացման հարցում՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար", - ամփոփել է Իլյա Դարչիաշվիլին:
Հավելենք նաև, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից կարևոր է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան միասնական բանակցային հարթակի ստեղծումը, այսինքն՝ եռակողմ ձևաչափով։ Նա նշել է, որ այստեղ նաեւ կարող են քննարկվել էներգետիկայի, հաղորդակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: