Արմինֆո.Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ամփոփիչ հայտարարությունում, որը կայացել է Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ, հաորդել է Ելիսեյան պալատը։
"Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որոնց՝ երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ այն կարող է հիմք հանդիսանալ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների համար, և որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում մինչև հոկտեմբերի ավարտը։
Հայաստանը համաձայնություն է հայտնել՝ դյուրացնելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ որքանով որ առնչություն կունենա։ Առաքելության աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամսով։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների գործունեությանը", - ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ ։
Նկատենք, որ հայտարարության մեջ ոչ մի խոսք չի ասվում Արցախի ճակատագրի մասին։ Ավելին, ըստ այդ հայտարարության, Հայաստանը նաեւ կզրկվի անկլավ համարվող յոթ համայնքներից։