

7.jpg)
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին։
Ինչպես
հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա.Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դիակը
հայտնաբերվել էր հունվարի 29-ին` ինստիտուտի մարզահրապարակում: Սպանության
մեղադրանքով կալանավորվել են սպանվածի չորս ծառայակիցները, այդ թվում` ինստիտուտի
պետի տեղակալի որդին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողբերգական դեպքից
հետո պաշտոնանկ է արել ինստիտուտի ողջ ղեկավար կազմը:



