
Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչների:
Մասնավորապես, երեկ ուշ երեկոյան բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավարին։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ տեղեկություններ կան բերման ենթարկվածների մասին նաև Երևանի Արաբկիր համայնքում և Մարալիկում:
Վարդանյանը նշել է, որ քիչ առաջ մի խումբ պատգամավորներով եղել են Նոր Նորքի ոստիկանության շենքում, որտեղ էլ պահվում է ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Մամոյանը: Պատգամավորի խոսքով՝ ոստիկանության համար դժվար չէ ինչ-որ պատճառաբանություն գտնել և բերման ենթարկել, սակայն Վարդանյանը այդպես էլ չնշեց, թե ինչու են բերման ենթարկել Մամոյանին:
«Վերջին երկու շաբաթների իրադարձություններից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կարծես վերադարձել ենք 37 թվական, և ռեպրեսիվ միջոցները, որ այն ժամանակ էին կիրառվում, խիստ արդիական են այսօր»,- ասել է ԲՀԿ պատգամավորը։ Էլինար Վարդանյանի համոզմամբ, հայտնի հրահանգից հետո սկսվեցին հարձակումներ իրականացվել, և սա որևէ այլ բանի հետ կապելը տարօրինակ կլիներ:
Ի դեպ, տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանությունը խուզարկում է իրականացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հաղորդել է, որ Գասպարյանի որդու հետ կապված վերջերս քրեական գործ է հարուցված եղել, և ոստիկանները գործը ցանկացել են նորից վերականգնել:
Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում
Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել Ծառուկյանի «կեղծքաղաքական»
գործունեությունը: Նույն օրը Սարգսյանը Ծառուկյանին հեռացրել էր ԱԱԽ կազմից, քանի
որ «երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա
գա, երբ չցանկանա՝ չգա»: Սարգսյանը նաև անդրադարձել էր Ծառուկյանի գրագիտության
մակարդակին, նրա «Դոդի Գագո» մականվանը, հիշել Հայաստանի խոշորագույն
գործարարներից մեկի հարկային «մեղքերի» վերաբերյալ բազմաթիվ լուրերը:
Իր
պատասխան ելույթում ԲՀԿ առաջնորդը հավաստիացրել էր, որ իր նկատմամբ հալածանքի
պատճառը նախագահին աջակցությունից հրաժարվելն է` սահմանադրական բարեփոխումների
ճանապարհով նրա իշխանության վերարտադրման գործում: Նա նաև հավասիացրել էր, որ
հարկերը թաքցնելու համար իրեն հասցեագրված մեղադրանքները նույնպես անհիմն են, քանի
որ հարկային կառույցները մշտապես ստուգումներ են անցկացնում իրեն պատկանող
ձեռնարկություններում: «Մինչդեռ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով է զբաղվում
պետական մակարդակով թալանով և «օտկատներով», - նշել էր Ծառուկյանը` շուտափույթ
իշխանափոխության կոչ անելով: