Արմինֆո.Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչները լուռ բողոքի ակցիա են անցկացրել երկրի խորհրդարանի (Tweede Kamer) շենքի առջեւ, որը նախորդել էր Նիդերլանդների օրենսդիր մարմնում վարչապետ Մարկ Ռյուտեի մասնակցությամբ քննարկմանը:
Ինչպես հաղորդում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), նիստի օրակարգում եղել է երկու հարց. Պրահայում ԵՄ առաջիկա հանդիպումները, մասնավորապես, հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի նիստը և հոկտեմբերի 7-ին ոչ պաշտոնական Եվրոպական խորհուրդը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումների ընթացքում, որոնք, հիմնականում, նվիրված էին Ուկրաինայի պատերազմին, Նիդերլանդների պատգամավորները բարձրացրել են նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցության հարցը:
Պատգամավորները, մասնավորապես, ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ Ադրբեջանը վերջին օրերին և շաբաթներին գրոհել է Հայաստանի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, և այն ժամանակ, երբ ԵՄ-ն գտնվում է Ադրբեջանի հետ գազային գործարքի գործընթացում, հետաքրքրվել են, թե արդյոք այդ հարցը կքննարկվի Պրահայում կայանալիք հանդիպմանը: Այս համատեքստում օրենսդիրները նաև հետաքրքրվել են, թե արդյոք դատապարտվել են ադրբեջանական հարձակումները Հայաստանի վրա։
Պատասխանելով հարցերին՝ վարչապետ Ռյուտեն "Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բռնությունը խիստ մտահոգիչ է անվանել եւ հիշատակել Է ԵՄ դերը հետագա էսկալացիայի կանխարգելման եւ բանակցությունների վերսկսման գործում": "Անհրաժեշտ է հետաքննել մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներն ու պատերազմական հանցագործությունները։ Նիդերլանդներն աջակցում է անկախ, չեզոք եւ անկողմնակալ հետաքննությանը։ Այդ մասին և անկախ հետաքննության կարևորության մասին այսօր ասվել է նաև Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում", - հայտարարել Է Նիդերլանդների վարչապետը։
Վարչապետ Ռյուտեն նաեւ հիշեցրել է ԵՄ գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի կողմից դատապարտման մասին: Պատժամիջոցները ներկայում չեն քննարկվում, այդ թվում ՝ գազի ներմուծումը, ասել է Ռյուտեն, հավելելով, որ՝ մինչեւ անկախ, չեզոք եւ անկողմնակալ հետաքննության անցկացումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Telegram-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինվորներին: Միջադեպը, ինչպես պարզել են իրավապաշտպանները, տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերն Իշխանասարի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում։ Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թշնամական ուժերը խոշտանգում, անմարդկային վերաբերմունքի են ենթարկում հայ ռազմագերիներին, այդ թվում ՝ կանանց, ինչպես նաև քաղաքացիական անձանց ։