Արմինֆո. Եվրախորհրդարանում տեղի է ունեցել "Ինքնություն և ժողովրդավարություն" խմբակցության ի աջակցություն Հայաստանի խորհրդանշական ակցիա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմ Վանդենդրիսխեն։
"Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն այլ կողմ է նայում՝ այն ժամանակից ի վեր, երբ ֆոն դեր Լյայենը սկսել է գազ խնդրել ադրբեջանցիներից։ Մեր "Ինքնություն եւ ժողովրդավարություն" խմբի պատվիրակության հետ միասին մենք ցույց ենք տալիս մեր աջակցությունը Հայաստանին Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիայով", - ասել է եվրոպացի պատգամավորը ։
Հայաստանին աջակցելու մասին հայտարարել է նաեւ Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը ՝ հրապարակված տեսանյութում։ "Եվրախորհրդարանում մեր խմբակցությունը՝ "Կանաչներ / Եվրոպական ազատ դաշինքը", լիովին համերաշխ է Հայաստանի ժողովրդի հետ։ Կոչ ենք անում
կայուն խաղաղության եւ պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննության", - հայտարարել է Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Հավելենք նաև, որ հոկտեմբերի 4-ին change.org հարթակում Եվրահանձնաժողովի ղեկավարի հրաժարականի պահանջով խնդրագիր է ներկայացվել՝ նրա ադրբեջանամետ քաղաքականության պատճառով։