Արմինֆո. Արցախի համար անընդունելի է «Լեռնային Ղարաբաղի հայեր» եզրույթը, այլ ընդունելի է Արցախի Հանրապետության քաղաքացիներ եզրույթը։ Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, ներկայացնելով պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հոկտեմբերի 2-ին Ժնևում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ, որոնք մտքեր են փոխանակել «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։
Մեկնաբանելով Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու եւ Արցախի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսություն կազմակերպելու վերաբերյալ հարցը՝ Ավանեսյանը նշել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև առկա հարաբերություններին ԱՀ նախագահը անդրադարձել է 2022թ. սեպտեմբերի 19- ի ուղերձում, նշելով, որ ԱՀ-ն բաց է ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի, առանց Արցախի կարգավիճակի հարցի շոշափման: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը, ապա 2022թ. հոկտեմբերի 3-ի ԱՀ ԱԽ հայտարարության մեջ հստակեցվել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:
Անդրադառնալով սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարությանն այն մասին, որ «ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս», Ավանեսյանը նշել է, թե Արցախի իշխանությունները գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար դեռևս երկար ու դժվար ճանապարհ կա անցնելու և հայտարարել են կարմիր գծերի գոյության մասին՝ անընդունելի համարելով ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները: