Արմինֆո. Եվրախորհրդարանում այսօր քննարկումներ կանցկացվեն Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ պայմանագրերի շուրջ: Այդ մասին հաղորդել է Ֆրանսիայից եվրապատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության հարցերի ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն։
Ի պատասխան ֆրանսահայ փաստաբան Ֆրանսուա Դևեջյանի այն դիտարկմանը, թե Եվրախորհրդարանը պետք է քննի այդ գործը և դատապարտի ադրբեջանական բռնապետության հետ կնքված պայմանագրերը, Լուազոն գրել է. "Դա նախատեսված է։ Քննարկումը կլինի օրվա երկրորդ կեսին"։
Ավելի վաղ Լուազոն հանդես էր եկել հայտարարությամբ Եվրախորհրդարանի պատվիրակության անունից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ: "Եթե դատապարտում ենք ռուսական ագրեսիան Ուկրաինայում, ապա երկակի ստանդարտներ չպետք է լինեն, Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ պետք է դատապարտվի առանց որևէ սահմանափակման",- ընդգծել էր Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:
Հավելենք նաև, որ Լիտվայի ԱԳՆ-ն ևս արձագանքել է Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում հայ ռազմագերիների մահապատիժներին: "Մենք խորապես անհանգստացած ենք ադրբեջանցի զինվորների կողմից գերեվարված հայ զինվորների մահապատժի տեսագրությունից ։ Հանցագործությունը պետք է անաչառ քննվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն ։ Խաղաղությունն ու կայունությունը մեկընդմիշտ պետք է վերադառնան Հարավային Կովկաս", - ընդգծել են Լիտվայի ԱԳՆ-ում:
Հավելենք նաև, որ սեպտեմբերի լույս 13 - ի գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիան, որի հետևանքով զոհվեցին 207 հայ զինծառայողներ, 4 քաղաքացիական անձինք, ևս 20 զինվոր գերեվարվեցին, չխանգարեց ադրբեջանական բռնապետական ռեժիմին Եվրոպայի հետ էներգակիրների մատակարարման պայմանագիր ստորագրել: Էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապատասխան փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: