Արմինֆո.Ուրեմն իմացեք. 1919-1920թթ. ցանկացած ադրբեջանական քարտեզ առ ոչինչ է։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան վարչապետի տիկնոջ թերթի "արտահոսքին", թե՝ Ադրբեջանը պահանջում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում 1919-1920թթ. քարտեզներով:
«1918-1920թթ.Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
Դիմել է անդամակցելու Ազգերի Լիգային,բայց չի ճանաչվել ։ Ազգերի Լիգան 1920-ի դեկտեմբերի 1-ին իր որոշման մեջ նշել է ,որ Ադրբեջան պետության սահմանները հստակեցված չեն ու այն առաջին անգամ ի հայտ է եկել 1918-ին,իսկ մինչ այդ տարածքը եղել է Պարսկական,Մոնղոլական ու Ռուսական կայսրությունների մաս։ Հետեւաբար՝ այդ «քարտեզները» տվեք «Աղբյուրին» ու իր կառուցողական գործընկերոջը…կարող են դրանք օգտագործել այլ բանի,բայց ոչ երբեք դելիմիտացիայի համար։
Հ.Գ. Սրանք պիտի ամեն ինչ «մխտռեին»։ Հիմա էլ գյոզալ Աղբյուր եզրույթը։ Աղբյուր Սերոբի ականջը կանչի։ Աղբյուրը ՝ նա էր,սրանք ՝ «սեւ թուղթ» են», - գրել է Շարմազաանովը «Ֆեյսբուքի»» իր էջում։
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին "Հայկական Ժամանակ" օրաթերթում, որի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հրապարակվել է տեղեկատվություն, հղում անելով սեփական հավաստի աղբյուրներին, այն պահանջների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը դնում է Հայաստանի առջեւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շրջանակներում: Մասնավորապես, ըստ թերթի, Ադրբեջանը պահանջում է. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում; ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի, այսինքն, 0 կարգավիճակով; միջանցք Հայաստանի տարածքով; սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը); անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է, հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար այդ պահանջները պետք է կամ բավարարել, կամ փոխզիջում գտնել, կամ ստիպել (համոզել) Բաքվին հրաժարվել դրանցից։