Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է Հայաստանում "տեղեկատվական տարածքի ամբողջականության ամրապնդման" ծրագիր իրականացնելու մտադրության մասին: Ինչպես հետեւում է նախապես հրապարակված փաստաթղթերից, ներկայում գործակալությունը միայն տեղեկատվություն է հավաքում նախաձեռնության նախապատրաստման եւ գործարկման համար, հաղորդում է RT:
Ծրագրի սեւագիր նկարագրությունից հետևում է, որ այն կրելու է "ԶԼՄ-ների ամբողջականությունը և կայունությունը Հայաստանում" անվանումը։ Նախնական տվյալների համաձայն, դրա իրականացման ժամկետը չպետք է գերազանցի հինգ տարին, իսկ բյուջեն՝ 4 մլն դոլարը։
"Ծրագիրը կբարձրացնի զանգվածային լրատվամիջոցների մասնագիտական եւ կազմակերպչական հնարավորությունները' դրանց խմբագրական անկախությունն ամրապնդելու եւ հայ հասարակության շրջանում դրանց ընդգրկումն ու ազդեցությունը ավմեծացնելու համար' որակյալ բովանդակության շնորհիվ", - ճշգրտվում է տեքստում:
Ծրագրի նպատակներին հասնելու աշխատանքը կտարվի երեք ուղղությամբ, որոնցից առաջինը "լրագրության ստանդարտների եւ բովանդակության որակի բարձրացումն է": Այս կետի պարզաբանման մեջ ասվում է, որ մասնագետների ուշադրությունն այստեղ սեւեռվելու է "բարձրորակ" բովանդակության ստեղծմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ հասարակական կարեւորություն ունեցող և ԶԼՄ-ներում ոչ բավարար լուսաբանվող թեմաներով:
Երկրորդ ուղղության շրջանակներում ՝ "Աջակցություն հօգուտ հանրային շահերի աշխատող ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակությանը հասնելու գործում" գործունեությունը կուղղվի տվյալների վերլուծության համակարգերի զարգացմանը, վեբ-կայքերի արդիականացմանը, ԶԼՄ-ների աջակցման հիմնադրամի ստեղծմանը, նոր բիզնես մոդելների ստեղծմանը եւ այլն:
Երրորդ ուղղությունը՝ "Տեղեկատվության անկախ հոսքի համար բարենպաստ պայմանների ձեւավորմանը նպաստելը", կառնչվի "անկախ" լրատվամիջոցների համար նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման աշխատանքներին, "ապատեղեկատվության" նկատմամբ հասարակության կայունության եւ "որակյալ" լրագրություն նկատմամբ նրա պահանջարկի բարձրացմանը:
Ամռանը հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ուսումնական հաստատությունների մինչեւ 24 տարեկան 60 ուսանողների եւ շրջանավարտների նախապատրաստման ծրագրին: Ուսուցումը, Ինչպես ճշտվում էր, ամերիկյան կողմը ծրագրում էր իրականացնել այն ուղղություններով, որոնք ենթադրում էին նաեւ "առաջնորդական հատկանիշների զարգացում":