Արմինֆո. Հայաստանում եւ Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպանատները միանման հայտարարություններով են հանդես եկել ադրբեջանական զինուժի կողմից անզեն հայ ռազմագերիների գնդակահարության փաստի վերաբերյալ:
Երկու դիվանագիտական առաքելությունների հայտարարություններում, մասնավորապես, ասվում է. "Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից":
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Telegram-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինվորներին: Միջադեպը, ինչպես պարզել են իրավապաշտպանները, տեղի է ունեցել Իշխանասարի դիրքերի ուղղությամբ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում։
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թշնամական ուժերը խոշտանգում, անմարդկային վերաբերմունքի են ենթարկում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։