Արմինֆո. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է վարչապետի "անձնական/ընտանեկան ԶԼՄ-ի" հրապարակմանը, որը նա գնահատել է որպես ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն սկսելու առաջարկին բացասական պատասխան:
Այսօր "Հայկական Ժամանակ" օրաթերթը, հղում անելով հավաստի աղբյուրին, մանրամասներ էր հրապարակել Երևանի հետ բանակցությունների առնչությամբ Բաքվի պահանջների վերաբերյալ: Ադրբեջանը, ինչպես նշվել է, Հայաստանին հինգ հիմնական պահանջ է ներկայացրել. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում; ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի, այսինքն, 0 կարգավիճակով; միջանցք Հայաստանի տարածքով; սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը); անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է, հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Առաջին նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: «Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:
Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը», - ասվում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՝ Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակման օրը, ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել նախկին նախագահներին և կաթողիկոսին հավաքվել մեկ սեղանի շուրջ, որպեսզի ելքեր առաջարկեն ստեղծված իրավիճակից: Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոսի, Արցախի և Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ: Հանդիպումն ավարտվեց առանց բովանդակային հայտարարության։ Չնայած տարաձայնություններին՝ Հայաստանի երեք նախկին նախագահները հրապարակավ պատրաստակամություն են հայտնել շարունակել ամենայն հայոց հաթողիկոսի նախաձեռնությունը։ Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաղորդել են, որ նոր հանդիպում է նախապատրաստվում: