Մոտ ապագայում ՌԴ տնտեսության անխուսափելի ամրապնդմանը զուգընթաց Աստանան և Մինսկը կրկին Մոսկվայի կողմը կանցնեն: Իսկ Կիևի բացասական փորձն այս առնչությամբ իրենց շատ բան կսովորեցնի, այդպիսի կարծիք է հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը`առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
ՙԵվրասիական տնտեսական միությունը`որպես ինտեգրացիոն գործիք հետխորհրդային տարածությունում, կշարունակի գործել նաև ուկրաինական ճգնաժամի պայմաններում: Ըստ որում, ի հայտ կգան ինչպես դրական, այնպես էլ`բացասական գործոններ: Օրինակ`Ռուսաստանի նկատմամբ ֆինանսատնտեսական պատժամիջոցների կիրառումը մասամբ բացում է վերջինիս շուկան ԵՏՄ անդամ պետությունների համար՚,- ընդգծել է նա:
Մեկնաբանելով ԵՏՄ հեռանկարների առնչությամբ Նազարբաևի և Լուկաշենկոյի վերջին հոռետեսական հայտարարությունները`Եվսեևն ընդգծել է, որ Ղազախստանի և Բելառուսի նախագահները սկզբունքորեն տարբեր խնդիրներ ունեն: Ըստ նրա, Նազարբաևը չափազանց տարվել է բազմավեկտորությամբ, այդ պատճառով կախվածության մեջ է հայտնվել արևմտյան ազդեցությունից: Ըստ որում, ազգային տնտեսությունը մնացել է խիստ հումքային, այսինքն`լիովին կախված ածխաջրածնային հումքի համաշխարհային գնից: Իսկ Լուկաշենկոն, նրա կարծիքով, վախենում է գունավոր հեղափոխությունից: Ներկայիս պայմաններում երկուսն էլ վախենում են, որ ՌԴ-ն չի դիմանա Արևմուտքի ճնշմանը: Այս պայմաններում Հայաստանի համար լավագույն ճանապարհը, Եվսեևի կարծիքով, իր տարածքում ԵՏՄ և ԵՄ միջև կամուրջի կառուցմանը ձեռնամուխ լինելն է: Իսկ այդ գործընթացում Վրաստանի ներգրավման դեպքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելու խնդիրը հայ հասարակության համար շատ բաներում կվերանա:
Մամուլի ասուլիսը կազմակերպվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ջակցությամբ`ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ՙԱրդիական երկխոսություններ հայկական մեդիայի համար՚ նախագծի շրջանակներում: