


Երևանում
միաժամանակ տեղի
է ունեցել
բողոքի երկու
ակցիա, որոնց
մասնակիցները պահանջել
են աշխատավարձերի վճարում:
Ինչպես դեպքերի վայրերից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքվել են
«Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ աշխատակիցները, որը փակվել էր անցյալ տարվա
դեկտեմբերին, և որի 315 աշխատակիցները դարձել են գործազուրկ: Բողոքավորները
պահանջում են ներկայացնել վերջնահաշվարկները և վճարել չվճարված աշխատավարձերը:
«Կենտրոն-մաքրություն»
ՓԲԸ դեռ անցյալ տարի հայտարարվել էր անվճարունակ, որից հետո ընկերության ողջ
գույքը գնեց լիբանանյան «Սանիտեկ» ընկերությունը: Մոտ 100 տեխնիկական աշխատողներ
արդեն տեղափոխվել են նոր ընկերություն, բայց այնտեղ դեռ լուծված չեն նրանց
ձևակերպման և աշխատավարձերի չափերի հետ կապված հարցերը: «Սանիտեկ»-ը աշխատողների և
վարորդների կարիք ունի, բայց աշխատանքի առաջարկվող պայմաները չեն բավարարում
նախկին աշխատողներին:
Միևնույն
ժամանակ, կառավարության շենքի մոտ հավաքվել են «Նաիրիտ» կաուչուկի գործարանի
աշխատանքից ազատված աշխատակիցները, որոնք նույնպես պահանջում են աշխատավարձերի
վճարում: Նրանք կառավարության համապատասխան վարչությանն են ուղղել իրենց
պահանջներով մի նամակ, որի պատասխանը պատրաստ կլինի ուրբաթ օրը:
Նշենք, որ «Նաիրիտ»
կաուչուկի գործարանի 1700 աշխատակիցներ փետրվարի 6-ին ազատվեցին աշխատանքից: Այժմ
գործարանում աշխատում է 478 մարդ: Գործարանը պարապուրտի մեջ է 2010 թվականի
ապրիլից: Գործարանի բաժնետոմսերը գրավադրված են Մեժգոսբանկում, 70 մլն.դոլար վարկի
դիմաց, որը տրամադրվել է 2006 թվականին, 5 տարով և 12,5% տարեկան տոկոսադրույքով:
Նշենք, որ 2006 թվականին Նաիրիտի բաժնետոմսերի 89,999% վաճառվեց բրիտանական
Rhainoville Property Limited կոնսորցիումին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության են պատկանոմ բաժնետոմսերի 4,496%-ը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին`
3,596%, և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին` 1,907%:


